Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

  • Ինչ է ազատությունը

Իմ կարճատև կյանքի ընթացքում արդեն հասցրել եմ շատ անգամներ մտածել ազատության մասին ու իմ պատկերացումների մասին բարձրաձայնել: Ներկա օրերում ազատությունը բոլորին մտահոգող հարց, միևնույն ժամանակ՝ շատերին գործողությունների մեծ ազատություն տվող «պատրվակ» է: Նոր հազարամյակի ու նոր դարի հետ ծնված, շատերը ազատության նոր պատկերացումներ «ստեղծեցին», որոնցով փորձում են արդարացնել ամենաթողություն պահանջող իրենց վարքագիծը:

Չեմ կարծում, թե շրջապատին ու նրա կարծիքն արհամարհելը, վիրավորական արտահայտություններ թույլ տալը, դիմացինի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, բարոյական ու քաղաքավարության նորմերին հակասող վարքագիծը կարելի է անվանել ազատության դրսևորում: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում ազատության գաղափարը շատերի մոտ խեղաթյուրվել ու բավականին հաջող կերպով որոշների մոտ սանձարձակություն է հիշեցնում։ Նմանները պատրանք են ստեղծել, իբր իրենք ազատ են, սակայն իրականում մեծամասամբ գերի են դարձել աչքի ընկնելու ու բոլորից տարբերվելու մոլուցքին, որ արտահայտվում է թե՛ հագուստի, թե՛ երաժշտական ճաշակի, անգամ՝ բառապաշարի փոփոխությունների մեջ։ Չգիտեմ՝ ինչ-որ տեղ հանդիպել եմ, թե ես եմ մտածել, որ «բոլորն էլ նման են իրար հենց միայն նրանով, որ ձգտում են անպայման տարբերվել իրարից»։ Հիմա մոդա է մյուսներից տարբերվելը, մոդան էլ լիքը մարդկանց «քթից բռնած պարացնում է»։

Ու, փաստորեն, երբեք էլ հնարավոր չէ հասնել լրիվ ազատության, քանի որ նման ընդհանուր հասկացություն երևի գոյություն չունի էլ։ Բանտարկյալի համար ազատությունը ճաղերի մյուս կողմն անցնելն է, դպրոցականի ու ուսանողի համար՝ դասերից պրծնելը, փոքրիկ երեխայի համար՝ դարակներն անարգել քչփորելը, բակում կապված շան համար՝ շղթան կտրելը, ստրուկի համար՝ մարդկային «չարաշահման» վերացումն ու իր աշխատանքի համար պատշաճ վարձատրվելը, իսկ աշխատողի համար էլ երևի՝ չաշխատելը։ Ամեն ինչ շատ խիստ հարաբերական է։ Եթե նույնիսկ մարդկանց տրվի իրենց ներկա պահին երազած ազատությունը, մի քիչ հետո մարդն էլի իրեն անազատ կզգա, որովհետև մի նոր բան իր «քթով չի լինի», ու կուզենա դրանից էլ ազատվել։ Մարդը երբեք-երբեք ազատ չի լինի, որովհետև գուցե փողոցում անցնող բարեկամին բարևելն էլ մի օր սկսի ծանր ու տհաճ պարտականություն թվալ, ու մարդն ինքն իրեն որոշի, որ դա իր ազատության սահմանափակում է։

Չնայած այս ամենին, ես էլ, ամենքի պես, ունեմ իմ ազատության ներկա պատկերացումները։ Ես ինձ գուցե ազատ համարեի, եթե հենց հիմա ինձ տրվեր աշխատելու ու իմ սեփական տանն ազատ ստեղծագործելու, ցանկացած գեղեցիկ գաղափար կյանքի կոչելու, ինձ հարազատ մարդկանց սիրելու ու ամեն հնարավոր առիթի նրանց ուրախացնելու հնարավորությունը։ Ես ինձ ազատ կզգայի, եթե ես երջանիկ լինեի ու կարողանայի ինչ-որ միջոցներ ներդնել շրջապատող մարդկանց երջանկության մեջ։ Ես կցանկանայի ազատ գործելու հնարավորություն ու միջոցներ ունենալ։

Ես ազատ կլինեմ, եթե լինեմ երջանիկ, ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ իրագործել մտքիս դրած ամեն լավ բան, ես դրանք կիրագործեմ, եթե ունենամ բավական շատ ժամանակ, իսկ իմ մտքին դրած շա՜տ բաներ կան, ու դրանք օր-օրի շատանում են, որովհետև ես էլ սովորական մարդ եմ, ու ամեն ձեռքբերում մի քիչ անց արդեն էլ աչքիս չի երևում, արդեն նորի կարիքն եմ զգում։ Այսինքն՝ ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ ինձ ազատ զգալու համար գործելու անսահմանափակ ժամանակ է պետք։ Այսինքն՝ ես երևի երբեք էլ չեմ հասնի իմ իրական ազատությանը, եթե օրերից մի օր, օրինակ՝ հենց վաղը, ազատության մասին պատկերացումներս չփոխվեն, ու չպարզվի, որ ես ինձ լրիվ ազատ կհամարեմ ու կբավարարվեմ այդքանով, օրինակ, երբ …. Չկարողացա պատկերացնել, թե երբ։

Մահարու ասած, հարաբերական երջանկությունն ազատության սահմանման մեջ էլ է գործում, ու հենց ինքն է մեղավոր, որ ազատության սահմանում չի ճարվում։ Հենց նոր հասկացա, որ մարդկանց ազատ լինելու համար պակասում է ոչ թե ազատությունը, այլ՝ չափի զգացումը։ Հենց հիմա հայտնաբերեցի, որ մենք չգիտենք՝ ազատությունն ինչ է, հենց հիմա զգացի, որ ազատությունն ամենաիսկական վերացական գոյականն է… Ես հասկացա. բացարձակ ազատություն չկա, ու դրա պատճառներն ավելի խորն են, քան մենք սովոր ենք ենթադրելու։ Մենք անազատ ենք հենց միայն այնքանով, որ չենք ընտրել, ասենք, մեր ծննդյան օրը, ծննդավայրը, անունը, կյանքի տևողությունը ու շատ այլ բաներ։

  • Ազատություն տեսակները

Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե գրավոր։

Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:

Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։

Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:

Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտը մեր նորօրյա Ավարայրն ու Սարդարապատն է։ Գոյամարտը համայն հայության արժանապատվության և մարդկային իրավունքի արդարացի հաղթանակն էր։ Հայ ազատամարտիկները, զորացած հաղթանակի հավատով, մարտնչում էին «իմացյալ մահը անմահություն է» գիտակցությամբ։ Գոյամարտում ծնվեցին նոր հերոսներ, որոնց անմահ անունն ու սխրանքը ոսկե տառերով են գրվելու մեր պատմության էջերում։ Շեքսպիրն ասում է. «Անարդար կռվում հերոսները կորչում են»։ Արցախյան գոյամարտի մեր հերոսները հավերժ ապրելու են ապրողաց սրտում, քանզի նրանց կռիվն արդարացի էր, կռվում էին Արցախի ազատության ու անկախության համար։ Ծնվեցին լեգենդար հերոսներ, շատ են նրանք, որի՞ անունը տամ։ Նրանց մասին արժանի երգեր են գրվել ու էլի պիտի գրվեն։ Նրանք մեր ազգային սրբությունն են։ Երգ դառնալու նպատակով գրել եմ երկու բանաստեղծություն՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանին ու Մոնթեին։ Այս լեգենդար հերոսների անունից դիմում եմ մեր հայրենասեր բարերարներին ու երգահաններին, որ երաժշտություն գրվի այդ բանաստեղծությունների համար։ Եթե կգտնվեն այդպիսիք, բանաստեղծություններս կներկայացնեմ։ Հուսով եմ, որ դրանք կարժանանան նրանց ուշադրությանը։

Оставьте комментарий