Արարատի տաճար կամ Չարենցի կամար

Արարատի տաճարը, որ ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար», քանի որ կամարի շուրջը` փորագրված են չարենցյան սքանչելի տողերը Արարատի մասին, կառուցվել է 1957 թվականին: Էսքիզներից մեկի աջ անկյունում նա գրել էր. «Տաճար Մասիսին», բայց այն ժամանակ ոչ մեկը չէր համարձակվի անգամ բարձրաձայնել այդ անվանումը: Սակայն սա, հիրավի, արտահայտում է Իսրայելյանի վերաբերմունքը` բառացիորեն պաշտամունքը Արարատ լեռան նկատմամբ: Ի դեպ, մշակութաբանության և բանագիտության տեսանկյունից արտակարգ հետաքրքրական երևույթներ ու ստեղծագործություններ են կապված այս շինության հետ. 1. ժողովրդի մեջ տարածվել է, որ Եղիշե Չարենցին այստեղ են գնդակահարել և թաղել: 2. Եղիշե Չարենցը շատ էր սիրում հենց այս վայրը և գեղեցիկ տիկնանց հետ կառքով այստեղ էր գալիս ու խնջույքներ կազմակերպում և այլն:
Կամարը կառուցվել է Ողջաբերդ գյուղի մատույցներում`​դեպի Գառնի տանող ճանապարհին` բլրի գագաթին: Դեպի բլրի գագաթը, ուր տեղադրված է տաճարը, տանում են մի քանի թռիչքով աստիճաններ, որոնք հաղթահարելով միայն օրվա բոլոր ժամերին դիտողի հայացքի առաջ «աճում» է Արարատ լեռը, ամբողջությամբ ներգծված կամարների բացվածքի մեջ: Կառույցին նայելիս թվում է թե կամարը առաջացել է հենց բլրի հետ, որպես մի հարթակ Արարատ լեռանը նայելու և նրա վեհությունը ամբողջապես գնահատելու համար: Իսրայելյանին հաջողվել է ահռելի լեռը ամփոփել փոքրամասշտաբ շինության մեջ:
Կամարը կառուցված է արտաքնապես բազալտից և ներքին երեսպատումը կատարված է նարնջագույն տուֆով: Կամարի հորինվածքը հատակագծում ուղղանկյում տեսք ունի՝ 10 x 5.5 մ, բարձրությունը 5 մ: Կառույցը եզրապակված է հիմնային ուղղանկյունից ավելի նեղ երկթեք կտուրով՝ հենված ատամնաշարով քիվի վրա, հյուսիսային և հարավային ճակատների վրա առկա են կամարակերպ բացվածքներ 3.5 մ շառավղով, կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, ինչպես նշվեց, փորագրված են հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծության խոսքերը`Արարատ լեռան մասին՝ «…Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»: Տաճարի կենտրոնում առկա է նստարան, որը զոհասեղանի խորհուրդ է կրում:
Իսրայելյանի սիրելի ընկեր, հարևան, Մեծ հայորդի գեղանկարիչ Մ. Սարյանը ոգեշնչված կառույցով, 1958 թվականին ստեղծել է հանրահայտ «Չարենցի կամարը» կտավը:
Արարատի տաճարը իրավամբ կարելի է դասել համաշխարհային ճարտարապետության մեջ չկրկնվող շինությունների ցանկին:

Արարատի տեսարանը

Տեսարան դեպի ճանապարհը
Աղբյուրը